ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ` ՎԵՐՋՈՒՄ

ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ` ՎԵՐՋՈՒՄ
21.05.2010 | 00:00

Չէ՛, մտադրությունս ամենևին էլ Հիտլերի հանրահայտ խոսքերը հիշեցնելը չէ, ո՛չ էլ հայերիս ցեղասպանության մասին հոդված գրելը։ Խոսքս բոլորովին այլ բանի մասին է, մի ողբերգության, որով ճանապարհ հարթվեց մի խումբ բախտախնդիրների համար դեպի երրորդ հանրապետության բարձր պաշտոններ։
Այս տարվա մայիսի 27-ին կլրանա այդ արյունոտ դեպքերի 20-ամյակը։ Հավատացած եմ` այսօր ոչ ոք չի հիշելու նրանց (բացառությամբ 20 տարի այդ վիշտը կրողների` մայրեր, հայրեր, քույրեր, եղբայրներ, կանայք, երեխաներ, այն էլ` յուրաքանչյուրն իր մեջ, իր համար, իր ցավն ինքնադարմանելով)։
Այդ օրը որևէ հիշատակության օր չի լինի, ոչ մի պաշտոնական կամ ընդդիմադիր թերթ չի հիշի նրանց։ Ասենք, որ այս տարի նախագահական ընտրությունների տարի չէ, որ գանակոծվի այդ ողբերգության կազմակերպիչ ընդդիմադիր թեկնածուն, և ոչ էլ դեպքերի հայտնի ականատեսն է նախագահի թեկնածու, որ օգտագործի այդ արյունոտ օրն իրեն որպես հերոս պրոպագանդելու համար։ Մի խոսքով, ո՞վ է հիշելու նրանց, ո՞վ է հիշելու քսանամյա վաղեմություն ունեցող այդ պատմությունը։ Նրանց հարազատները համակերպվել են իրենց վշտի հետ։ Թուրք Չավուշօղլուի հետ էլ հանդիպելու համար նրանց հրահրողներ չկան։
Ես հաճախ եմ գրել այդ օրվա դեպքերի մասին։ Գրել եմ` ելնելով մարդկային տրամաբանությունից և կիսատ-պռատ քննված գործի ուսումնասիրությունից։ Երբ 2007-ին պատահաբար ծանոթացա դեպքերից հրաշքով կենդանի մնացած, բայց հաշմանդամ դարձած միակ կենդանի վկա Սաշիկ (Խաչիկ) Աշոտի Նազարեթյանի հետ, հասկացա, որ այդ ավանտյուրայի կազմակերպիչը եղել է ժամանակի թելադրող քաղաքական ուժը։ Նպատակը մեկն էր. 1990 թվականի հունիսի 20-ին տեղի էր ունենալու ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքական այդ ուժին հաղթանակ էր պետք, և հանուն այդ հաղթանակի պետք էր վարկաբեկել (այն է` խաբել հայ ժողովրդին) խորհրդային բանակը, ռուս զինվորին, կոմկուսը։ Ե՞վ... ՀՀՇ-ի Երևանի Լենինյան շրջանի ջոկատի տղաները, որոնց թվում էր Սաշիկ Նազարեթյանը, չարենցյան բառուբանով ասած, ունեին ոգու թև, հավատում էին իրենց ղեկավարներին, որ գնում են թատերականացված բեմադրության, որ պայմանավորվածություն կա Ղափան-Երևան գնացքն ուղեկցող ռուս զինվորների ղեկավարության հետ, որ հարձակվողները կկրակեն օդ, իսկ զինվորներն ավտոմատները կդնեն հատակին ու կփախչեն։ Մինչդեռ իրականում ամեն ինչ հակառակը եղավ, քանզի որևէ պայմանավորվածություն կողմերի միջև չկար։ Զինված ջոկատի տղաներից վեցը մնացին տեղում, և հրաշքով փրկվեց միայն Սաշիկ Նազարեթյանը։
Աստծո կամքով փրկվեց, որ մեղադրյալի աթոռին նստեին կազմակերպիչները և հատկապես նա, ով կայարանամերձ հրապարակում իր հոգու դիվային չարությամբ սպասում էր, որ ավանտյուրան հաջող կավարտվի, որ ջոկատի բոլոր անդամները կզոհվեն։ Ճիշտ է, այդ գործով ոչ ոք մեղադրյալ չդարձավ, բայց Աստծո պատժից այդ գլխավոր «հերոսը» չխուսափեց... Իսկ գործը քննող քննիչը ստորներին մատուցած իր ծառայությունների համար աճեց և դարձավ մոնստր (այդ բնութագրական բառը նրա հասցեին լսել եմ ՀՀ մի գլխավոր դատախազից) գեներալ։
Պատահական հանդիպման ժամանակ Սաշիկին հարցրի` ինչպես է իրականում դեպքը եղել։ Նա կարճ պատասխանեց.
-Մամուլում կարդացել եմ Ձեր բոլոր հոդվածները։ Եղել է այնպես, ինչպես գրում եք։
Այսօր հիշում են 2008 թվականի մարտի մեկը։ Ինչո՞ւ։ Արդյոք այդ հիշողներն ազնիվ և մարդկային վեհ նպատակնե՞ր են հետապնդում։ Կասեի` այո՛, եթե այդ հիշողների հետևից նկատելի չլինեին 1990-ի մայիսի 27-ի կազմակերպիչների ականջները։
1990 թվականի մայիսի 27-ից է սկսվել մեր նորագույն և առայսօր շարունակվող պատմության արյունոտ էջը։
Ռոբերտ Քոչարյանն ու իր որդին Աֆրիկայում իրենց «կայֆի» համար թանկարժեք գազաններ են սպանում և ցինիկորեն նկարվում զոհի հետ։ «Ի՞նչ գումարներով,- միանգամայն տեղին հարցնում է թերթերից մեկը և հավելում,- ժողովրդից թալանած փողերով»։
Կպաշտպանեի այդ մտահոգությունը, եթե այն անկեղծ լիներ և չհետապնդեր քաղաքական նպատակներ։
Այսօր չեն հիշում 1990-ի մայիսի 27-ի մեծ ողբերգությունը` 31 մարդու, այդ թվում` չորրորդ հարկի պատշգամբում պատահաբար գնդակին զոհ գնացած, կրծքով երեխային կերակրող ջահել կնոջը, իսկ հակառակ դրան, արդեն երկրորդ տարին բոլորած մարտի մեկի զոհերին ամեն օր են հիշում, մոմավառություն են անում։ Ես այդ մոմ վառողների հետ չեմ։ Բայց ոչ այն պատճառով, որ չեմ ցավում, այլ պարզապես յուրովի եմ ցավում։ Քրիստոնեաբար եմ ցավում, լուռ եմ ցավում։ Այդ օրը սուրբ Գևորգ եկեղեցում 41 մոմ եմ վառում, հիշելով նաև 1990-ի մայիսի 27-ի զոհերին։
Մամուլը դատապարտում է գլխավոր դատախազին, ՀՔԾ-ին, նրա քննիչներին, ինչ-որ Բազազի և շատ շատերին։ Ես 2008-ի մարտի մեկի քրեական գործին ծանոթ չեմ և չեմ կարող ասել` ինչքան է կոծկվել, կամ կոծկվե՞լ է, արդյոք։
Ասեմ անկեղծորեն, մարտի մեկի գործը բավականին առաջընթաց է մայիսի 27-ի համեմատ։ Այն կարճվել և թաղվել է մեկընդմիշտ, իսկ մարտի մեկով, թեկուզ սլաքավարներ (ընդդիմադիրների ասելով), դատվել են։
Եթե երկրում չկա հանցագործ քննիչին պատժելու մշակույթ (քանզի բոլոր ժամանակներում ստոր կամակատարները բոլոր իշխանավորների համար էլ պահանջված են), եթե 1990-ի մայիսի 27-ի գործը քննող քննիչը ոչ միայն չի պատժվել, այլև աճել, դարձել է գեներալի ուսադիրներով քաղաքի դատախազ, մի քանի վաուչերներով միլիոն դոլար արժողությամբ գինու գործարան է սեփականաշնորհել (իհարկե, ոչ իր անունով), հարստացել է, հետևաբար, ո՞րն է երաշխիքը, որ դրանից հետո այդ նույն ճանապարհը բռնած նորանշանակ քննիչը չի գայթակղվի։ Մի պաշտոնյայի գիտեմ, որի կաբինետի պատից կախված էր Քոչարյանի նկարը։ Երբ մտնում էի մոտը, ռադիոյի ձայնը բարձրացնում էր, ձեռքն ուղղելով դեպի նկարը` շշնջում, թե` չի կշտանում, բոլորին գնել է, ամեն մեկին մի բանով` որին տուն, որին հող, որին շենք և այլն։ Հետո Քոչարյանի նկարը փոխվեց։ Նրա տեղում հայտնվեց Սերժ Սարգսյանը։ Մի անգամ հարցրի` ի՞նչ կասես։ Աջ ձեռքն ուղղահայաց բերնին դնելով հասկացրեց` սուս արա։ Ծիծաղեցի, ասելով` ամեն ինչ առջևում է։
Վերջերս մի թերթում հետաքրքիր միտք կարդացի, թե չինացիք այսօր հզոր են, որովհետև երբեք իրենց մեռած կայսրերին չեն դատապարտել։ Գեղեցիկ է։ Սակայն հոդվածագիրը մոռացել էր ավելացնել, որ չինացիք միլիարդից ավելի են և, հավանաբար, միմյանց այնքան էլ լավ չեն ճանաչում։ Իսկ մե՞նք։ Ընդամենը մի լայն փողոց, որտեղ պարզ երևում է ամեն անցորդի հագն ու կապը, այդ թվում նաև` երկրի տերերի։ Ես չեմ հավատում, որ չինացի կայսրի երեխան որևէ տեղ կարող էր իրեն սափրագլխի պես պահել, ավտոմատն ավտոմեքենայի մեջ երկրում ազատ շրջել և ցանկացած պահին «կայֆի» համար կարող էր փողոցում կրակել։
ԽՍՀՄ-ը կայսրություն էր։ Չասեմ Ստալինի, նրա տղաների մասին։ Հիշեմ Միկոյանին, նրա հինգ տղաներին։ Պատմությունը երբևէ մեզ մեկ բացասական օրինակ տվե՞լ է նրանց կյանքից։ Ազգի տերերն են ազգն ազգ դարձնում։ Ցավոք, քսան տարի մեր ազգն այդպես էլ տեր չունեցավ, բայց սափրագլուխներով շրջապատված քյոխվաներ` որքան ուզեք։
Ողորմի՜ քեզ, Պողոս Պողոսյան։
Վերջում տա՞մ հասցեատերերի անուն-ազգանունները, որոնց ուղղված է նամակս, թե՞ չկա դրա անհրաժեշտությունը։ Միայն հարցնեմ` Քոչարյանը չգիտե՞ր` ո՛վ էր նախորդը։ Գիտեր, բայց չտեսնելու տվեց, որպեսզի իր կատարածներն էլ իրենից հետո եկողները չտեսնեն։ Մենք չինական զանգված չենք, մենք փոքր զանգված ենք։ Փոքր զանգվածի մի բացիլն անգամ վտանգավոր է։ Եվ մեր փոքր զանգվածը բարոյապես, ֆիզիկապես թունավորվել է դեռևս 20 տարի առաջ։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ